Posted in Հայոց Լեզու 2021-2022

Հայագիտություն

Հայագիտության համար նշանակալից են եղել հետևյալ աշխատությունները՝ «Հանդես ամսօրյա»-ն Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1-2, 1749-69), ապա և Մ. Ավգերյանի, Գ. Ավետիքյանի, Խ. Սյուրմելյանի «Նոր Հայկազեան բառարանը», Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ տեառն 1784» եռահատորը, Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց…» մատենաշարը, Ս. Ագոնցի և Ղ. Ինճիճյանի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» երկը:

Հայագիտությունը ուսումնասիրվել է ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի մարդկանց կողմից, որոնցից են Անտուան Մեյեն, Վ. Լանգլուան, Ֆ.Մակլերը, Հայնրիխ Հյուբշմանը, Ֆ. Կոնիբերը, Յոզեֆ Մարկվարտը, ռուսներ՝ Մ. Նիկոլսկին, Յու. Սմիռնովը, Բ. Տուրաևը, Վ. Բարտոլդը, Վ. Բոլոտովը:

Մեյեն «Հայերենի բարբառային դիրքը» (1896 թ.) առաջին հայերենագիտական ուսումնասիրության մեջ, հիմք ընդունելով հայերենի և այլ լեզուների հնչյունական փոփոխությունները, որոշել է հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում, հայերենը համարել առանձին լեզվաճյուղ, որն իր համակարգով բավական հեռացել է հնդեվրոպական մայր լեզվից։ «Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ» (1903 թ.) աշխատության մեջ քննության է ենթարկել հայերենի քերականությունն ամբողջությամբ և անդրադարձել հայոց լեզվի պատմական զարգացման ընթացքին, նրա առանձնահատկություններին։ Ձևաբանության հարցերին զուգահեռ քննել է ձևույթների շարահյուսական կիրառությունները («Հետազոտություններ հայերենի համեմատական շարահյուսության վերաբերյալ», 2-րդ հրատարակություն, 1968 թ., տե՛ս «Mémoires de la Société de Linguistique de Paris» ամսագրում) ցեղակից լեզուների համեմատությամբ, այն իր տեսակի մեջ ցարդ միակն է և մեծ ավանդ է հայերենի համեմատական շարահյուսության ուսումնասիրության գործում։ Մեյեն անդրադարձել է հայերենագիտության այլևայլ խնդիրների՝ այբուբենին, ուղղագրությանը, տառադարձությանը, բառաբարդմանը, ստուգաբանությանը, գրել «Հին հայերենի տարրական դասընթաց» (1913 թ., գերմաներեն) դասագիրքը։ Նա հանդես է եկել հայերին հուզող զանազան հարցերի քննությամբ, քննադատել է ցարիզմին (հայկական դպրոցների փակման կապակցությամբ), Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը։

Հայնրիխ Հյուբշման «Զրադաշտական մի երգ» (1872 թ.) ուսումնասիրության մեջ նրա ուշադրությունը գրավել է նաև հայերենը։ 1873-1875 թվականներին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրել է այն և հետագայում հիմնականում զբաղվել միայն հայերենով։ 1875 թվականին Լայպցիգի համալսարանում դասախոսի պաշտոն ստանալու համար ներկայացրել է «Հայոց պատմության և արաբների առաջին պատերազմների մասին՝ ըստ Սեբեոսի հայերենի (բնագրի)» աշխատությունը, որը ներառնում է Սեբեոսի պատմության որոշ հատվածներ՝ գերմաներեն թարգմանությամբ և ծանոթագրություններով։ Հայոց լեզվի զարգացման մեջ մեծ տեղ է հատկացրել ոչ լեզվական երևույթներին՝ մշակույթին, մշակութային փոխազդեցություններին, տարածքային նվաճումներին։ Հյուբշմանն ապացուցել է, որ հայերենին իրանական բնույթ տվող բառերը պարսկական փոխառություններ են, իսկ հայերենը իր բնիկ բառապաշարով, հնչյունական և քերականական կառուցվածքով անկախ դիրք է գրավում հնդեվրոպական լեզվաընտանիքում։ Հետագայում Հյուբշմանն ավելի մանրամասն քննության է ենթարկել հայերենի հնչյունական, քերականական համակարգերը և բառապաշարը։

Մարկվարտի զուտ հայագիտական ուսումնասիրությունների շարքը սկսվում է Մեսրոպ Մաշտոցին նվիրված հետազոտությամբ (գերմաներեն, 1917 թ.), որը 1902 թ.-ին կարդացել է Արևելագետների միջազգային կոնգրեսում (Համբուրգ), իսկ 1905 թ.-ին՝ արժանացել Լազարյան ճեմարանի մրցանակին։ Մարկվարտն ունի բազմաթիվ անտիպ երկեր (պահվում են Հռոմի «Pontificio instituto Biblico» գրադարանում), որոնք վերաբերում են հայերի ծագմանը («Հայերը և փռյուգիացիները»), հայկական հին գաղթավայրերին («Հայերը որպես գաղթաբնակներ հին դարերում և վաղ միջնադարում»), առանձին թագավորություններին («Հայոց մասնակի թագավորությունների ժամանակագրությունը»), Արշակունյաց թագավորության հիմնադրմանը («Սեբեոսի նախնական պատմությունը»), Անանուն զրուցագրին (կեղծ Շապուհ Բագրատունի), Կորյունին («Վարք Մաշտոցի»), Փավստոս Բուզանդին, Մանազկերտի 726 թ.-ի ժողովին, մազքութներին և այլ հարցերի լուսաբանմանը։ Նա նաև պարբերաբար հանդես է եկել հայոց դատի պաշտպանությամբ, պայքարել հայոց պատմության չարամիտ աղավաղումների դեմ։

Հայագիտության ձեռքբերումների շարքում արձանագրելի են փիլիլիսոփայության պատմության (Վ. Չալոյան, Հ. Գաբրիելյան, Ս. Արևշատյան), գրի և գրչության (Ա. Աբրահամյան), արվեստի պատմության (Լ. Դուռնովո, Ռ. Դրամբյան, Բ. Առաքելյան, Ա. Մնացականյան), դպրոցի և մանկավարժության պատմության (Մ. Սանթրոսյան, Ա. Մովսիսյան), իրավագիտության (Խ. Սամուելյան), բանասիրության (Մ. Աբեղյան, Կ. Մելիք-Օհանջանյան, Ա. Ղանալանյան), դրամագիտության (Խ. Մուշեղյան), պատմաաշխարհագրության (Ս. Երեմյան, Թ. Հակոբյան, Բ. Հարությունյան, Ա. Հակոբյան) և մի շարք այլ մարզերում կատարված հետազոտություններն ու հրապարակումները։ Հայագիտության առաջընթացին անմասն չմնացին արտասահմանյան կենտրոնները. ձեռագրացուցակներ կազմելու գործում աչքի ընկան Ն. Պողարյանը (Երուսաղեմ), Հ. Ոսկյանը, Օ. Սեքուլյանը (Վիեննա), Ս. Ճեմճեմյանը (Վենետիկ), ուշագրավ հետազոտություններ հրատարակեցին Ռ. Բլեյկը, Ժ. Գարիտը, Պ. Անանյանը, Հ. Պերպերյանը, Վ. Ինգլիզյանը, Յո. Կարստը, Պ. Պետերսը, Ի. Աբուլաձեն, Հ. Քյուրդյանը, Ս. Տեր-Ներսեսյանը, Ն. Գարսոյանը, Կ. Թումանովը, և ուրիշներ։ Նրանց գործը հաջողությամբ շարունակեցին նոր սերնդի հայագետները՝ Ժ.Մ. Թիերին, Ռ. Թոմսոնը, Ժ.Պ. Մահեն, Մ. Սթոունը, Գ. Պլըտյանը, Ժ. Դեդեյանը, Լևոն Զեքիյանը, Կլոդ-Արմեն Մութաֆյանը, Գաբրիելլա Ուլուհոջյանը, Հ. Գևորգյանը, Տ. Գույումճյանը, Ք. Հաննիկը, Յ. Վայդենբերգը, Բ. Կուլին, Բ. Ութիեն և այլք։ Եվրոպական հայագիտության խթանիչ պարագաներից մեկը Փարիզում «Ռեվյու դեզ էթյուդ Արմենիեն» (“Revue des etudes Arméniennes”) տարեգրքի նոր շարքի հրապարակումն է [խմբագիր՝ Ն. Գարսոյան (1987-ից), գործնական քարտուղար՝ Ժ.Պ. Մահե (1977-ից)]։ Գոյություն ունեցող հայագիտական հանդեսներին այս փուլում գումարվեցին նորերը՝ «Գեղարդ», «Շողակաթ», «Հայկազյան հայագիտական հանդես», «Հասկ», «Դի Շտիմե Արմենիենս» (“Die Stimme Armeniens”) երկամսյա թերթ, Կշտադ, Շվեյցարիա), «Արմինիըն Դայջեսթ» (“Armenian Digest”), «Արմինիըն լինգուիսթիքս» (“Armenian Linguistics”), Քլիվլենդ, ԱՄՆ, 1980-ից։