2016-2017 Մայրենի · նախագիծ 2 · Uncategorized

ԳԻՆԻ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Ըստ գինեգործության համաշխարհային կազմակերպության 2007 թվականի տվյալների, հայ գինեգործները արտադրել են 43 հազար հեկտոլիտր գինի:

Հայաստանի Հանրապետության տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է։ Հայաստանում արտադրված գինիները հատկապես աչքի են ընկնում իրենց բազմազանությամբ, քանի որ Հայաստանում խաղողի տարբեր տեսակներից պատրաստվում է գինու բազում տեսակներ, որոնք առանձնանում են իրենց ուրույն համով և բույրով:

Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և  գինեգործության  հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։ Իսկ խաղողից գինի պատրաստելը հուշել էր Նոյի այծը:

1939 թվականին 7-րդ դարի Թեյշեբաինի ուրարտական բերդում (ներկայիս՝ Կարմիր բլուր) ռուս հնագետ Բորիս Պիոտրովսկիի ղեկավարությամբ իրականացված պեղումների ժամանակ բացահայտել են գինու պահեստ և մոտավորապես 500 կավե կճուճ։ Գինու պահեստներ հայտնաբերվել են նաև Էրեբունի քաղաք-ամրոցում, որը կառուցվել է 2800 տարի առաջ։

Նորավանքի մոտակայքում ևս հայտնաբերվել են միջնադարյան գինեգործական կենտրոններ։ 2011 թվականին Հայաստանի Հանրապետության Արենի համալիրում, պեղումների ընթացքում հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինեգործական հնձանը, որը 6000 տարեկան է:

Այս և այլ փաստեր գիտնականներին հիմք են տվել հայտարարելու խաղողի հայկական ծագման մասին: Եվ իզուր չէ, որ ֆրանսիացիներն ասում են` գինին ստեղծեցին  հայերը, հույները դարձրին բիզնես, իսկ ֆրանսիացիները` արվեստ: Դե իսկ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի գնահատմամբ` «Հայկական գինու առանձնահատկությունն այն է,  որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»:

Գրավոր աղբյուրներում նշվում է նաև, որ հայերը սիրել են օգտագործել գինի ճաշից առաջ և ճաշերի ժամանակ: Եվ այսօր գիտնականներն ապացուցել են, որ գինին և հատկապես կարմիր գինին, ունի դրական ազդեցություն օրգանիզմի համար: Գինու մեջ գոյություն ունեցող բարդ քիմիական միացությունները կարևորագույն դեր ունեն գինու համային և հոտային որակների համար: Գինին պարզ սպիրտային լուծույթ չէ: Այն պարունակում է ցնդող և չցնդող տարրերի մեծ քանակ, որոնց չափերը տարբեր են` կախված հողերի, խաղողի բազմատեսակությունից, եղանակային պայմաններից (անձրևների, արևի քանակից) և այլն: Ճաշից առաջ գինին նպաստում է ստամոքս-աղիքային համակարգի ճիշտ աշխատանքին, որն էլ, իր հերթին, լավացնում է նյութափոխանակությունն ու մարսողությունը: Գինին իր մեջ պարունակում է

Մագնեզիում, որը նպաստում է սրտի նորմալ աշխատանքին:
երկաթ, որը պայքարում է սակավարյունության դեմ:
քրոմ, որը նպաստում է ճարպաթթուների սինթեզին:
ցինկ, որը  պատասխանատու է թթվային հավասարակշռության համար:
ռուբիդիում, որը օրգանիզմից հանում է ռադիոակտիվ տարրերը:

Հայաստանում կազմակերպվում է գինու ամենամյա փառատոն՝  Արենիում և Արցախում: Այդ միջոցառումները նպաստում են տարացքի զբոսաշրջության զարգացմանը, մարդիկ, ովքեր եկել են աշխարհի տարբեր անկյուններից կարող են փորձել գինու մի քանի տեսակ, այդ թվում  նաև տնական գինի, ծանոթանան հայկական գինեգործության պատմությանը  և ավանդույթներին:

Աղբյուրը՝http://www.rena.am/blogpost/gini-ev-ginegorcutyun/