Մայրենի · Uncategorized

Հետաքրքիր և հիշարժան դեպքեր մեր մեծերի կյանքից

Յուրաքանչյուր ստեղծագործողի, արվեստագետի ու ընդհանրապես անվանի մտավորականի կյանքում զավեշտալի, հետաքրքիր ու հիշարժան դեպքեր շատ են եղել, որոնք ժամանակակիցների, վկայագիրների կողմից փոխանցվելով’ հետագա սերունդներին հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու մեր մեծերի առօրյայի ու կենցաղի, նրանց հետ կապված հետաքրքիր դիպվածների մասին: Ահա այդ դրվագներից որոշները, որոնք առանձնացրել ենք քեզ համար:

Հովհաննես Շիրազ
Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ’ ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը:
Շիրազը զարմանում է.
– Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է…

Մի անգամ Շիրազին հարցնում են.
– Վերջերս ինչո՞ւ չեք մասնակցում Գրողների միության ժողովներին:
– Եթե Նարեկացին չի մասնակցում, ե՞ս ընչի պիտի մասնակցեմ,- պատասխանում է Շիրազը:

Մի անգամ Շիրազը որդու’ Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան’ հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են.
– Ինչո՞ւ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ…
– Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:

Մի անգամ Հովհաննես Շիրազը’ կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.
– Կանաչ փողկապով ես շրջում, չե՞ս վախենում էշերից:
– Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը:

Համո Սահյան
Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
– Սերոն տա՞նն է:
– Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին:
Հետևում է Համոյի ստուգող հարցը.
– Ո՞վ ասաց…
– Ինքը,- լինում է պատասխանը:

Վիլյամ Սարոյան
Մեծ ու տարօրինակ Վիլյամ Սարոյանը Սևանի ափին ծանր, լճի ալիքներից լավ հղկված մի քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:
– Ամերիկա’ Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
– Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…
– Ինքնաթիռով պիտի տանիմ…
– Ինչո՞ւ համար…
– Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

Եղիշե Չարենց
Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.
– Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
– Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը…
– Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
– Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:

Հովհաննես Թումանյան
Թումանյանի կինը բողոքում է, որ ամուսինը ընդհանրապես տանը չի լինում:
– Դե գոնե տաս գիշեր տանը եղել եմ… (նրանք տաս երեխա ունեին):

Մհեր Մկրտչյան
Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզին հարցնում են.
– Ֆրունզ ջան, ո՞նց է եղանակը Հայաստանում:
– Էնքան շոգ է, որ Լենինի արձանի հագից պալտոն հանել, կարճաթև սառոչկա են հագցրել:

Մհեր Մկրտչյանին հարցնում են’ երբևէ հարբած կա՞ս:
Մի անգամ. «Հին օրերի երգը» ֆիլմում սև թուղթն ուտելուց…

Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահաբար տեսնում է Յուրի Վարդանյանին ու հարցնում.
– Յուր ջան, ո՞ւր կերթաս:
– Կանադա’ մասնակցելու աշխարհի առաջնությանը,- պատասխանում է Յուրի Վարդանյանը:
Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրային.
– Յո՛ւր ջան, մի՛ մտածե, առխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են:

Սիլվա Կապուտիկյան
Մի անգամ Սիլվա Կապուտիկյանի հետ հարցազրույցի ժամանակ թղթակիցը կատակով հարցնում է.
– Տիկի՛ն Սիլվա, ինչքա՞ն կցանկանայիք վաստակել, որ բավարարված լինեիք:
– Այնքան, որքան վաստակում եմ հարևաններիս կարծիքով:

Ավետիք Իսահակյան
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնում’ պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.
– Ավո՛, դու չե՞ս կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ’ անկողնում, պատշաճ չէ:
– Ի՞նչ կա որ, սիրելի՛ս,- դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր:

Պարույր Սևակ
Պարույր Սևակից մորը նվիրված ստեղծագործություն են խնդրում «Պոետները մոր մասին» ժողովածու կազմելու համար: Սևակն ուղարկում է «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը’ մոր և իր լուսանկարի հետ, ու մի գրություն. «Այս լուսանկարը գուցե ավելին ասի, քան բանաստեղծությունս»:

Րաֆֆի
Երբ Րաֆֆին դասավանդում էր Արամյան դպրոցում, երբեմն-երբեմն քաշում էր աշակերտների մազերը: Մի օր աշակերտները խուզում են գլուխները և ուրախ, երջանիկ սպասում են ուսուցչին:
Րաֆֆին ներս է մտնում և, նկատելով այդ խորամանկ խաղը, քմծիծաղ է տալիս, ապա’ մեկին կանչում դաս պատասխանելու: Աշակերտը կմկմում է, տեղ-տեղ սխալվում:
Վիպասանը քաշում է ականջից և ասում.
– Դե հիմա էլ գնացեք ականջներդ խուզեք:

Ակսել Բակունց
Ակսել Բակունցը երկար խոսել չէր սիրում, վիճում էր հազվադեպ, բայց’ անզիջում, շիտակ ու աննահանջ:
Երբ բարձր տրամադրություն էր ունենում, երգում էր Կոմիտասի երգերից: Խմում էր առիթից- առիթ: Սիրում էր գյուղը:
– Իմ բոլոր պատմվածքները մինչև թղթին հանձնելը մտքումս գրել եմ ձի նստած’ գյուղից գյուղ շրջելիս,- ասում էր նա:
Զբոսնելիս կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր:
– Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ,- հպարտանում էր Բակունցը:

Արամ Խաչատրյան
Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:
Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.
– Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ:

Սերգեյ Փարաջանով
Մի անգամ Փարաջանովը սմոքինգ է փնտրում’ Ֆելինիի հրավիրած միջոցառմանը մասնակցելու համար: Երբ վերադարձավ, հարցրեցին, թե ինչպե՞ս գնաց այդ միջոցառմանը: Ասաց, որ ինքնաթիռում տեսել է ցուցանակ’ ծխախոտի վրա խաչ քաշած, վրան գրված. «No Smoking»: Դրանից է մեկ հատ խնդրել, ինքնաթիռից իջնելուն պես կախել վզից:

Advertisements

One thought on “Հետաքրքիր և հիշարժան դեպքեր մեր մեծերի կյանքից

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this:
%d bloggers like this: